Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը այսօր կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, ասվում է Հունաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Այցի ընթացքում արտգործնախարարը, որին կուղեկցի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն, կհանդիպի Հունաստանի փրկարարական թիմի անդամների հետ, որոնք գործում են վերջին երկրաշարժերից աղետալի վնասներ կրած տարածքներում: Դենդիասը կայցելի նաև Անթաքիայի օպերատիվ կենտրոն և կներկայացվեն վերջին զարգացումները՝ կապված փլատակների տակից մարդկանց փրկելու ջանքերի, ինչպես նաև մարդասիրական օգնության առաջացող կարիքների հետ:
Այցի ընթացքում կդիտարկվեն նաև Հունաստանին երկրաշարժերի ավերիչ հետևանքների հաղթահարման հարցում հետագա աջակցության ուղիները»,- նշել են նախարարությունից։
Հունաստանի արտգործնախարարը Ժնևում ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Թուրքիային և Սիրիային շտապ հումանիտար օգնություն տրամադրելու համար ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի միջոցով։ Բացի այդ, փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսը ստանձնել է կազմակերպությունների և անհատների համակարգումը, որոնք ցանկանում են օգնել Թուրքիայի և Սիրիայի տուժած շրջանների համար մարդասիրական օգնության հավաքագրմանը, ասվում է հայտարարությունում։