Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը փետրվարի 11-ին, ուշ երեկոյան հայտնել է, որ այս շաբաթվա սկզբին Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 24617 մարդ, փոխանցում է Anadolu-ն։
Օքթայը հայտնել է, որ դեռևս աշխատում է 32071 որոնողափրկարարական խումբ։
Նա հավելել է, որ հարավ-արևելքում երկրաշարժից տուժած 10 նահանգներում դատախազների կողմից արդարադատության նախարարության ցուցումով ստեղծվել են երկրաշարժի հետ կապված հանցագործությունների հետաքննության բաժիններ:
Նա նշեց, որ սահմանվել է երկրաշարժերի հետևանքով շենքերի ավերման մեջ կասկածվող 131 անձի պատասխանատվությունը՝ մեկը ձերբակալվել է, ևս 113 անձի նկատմամբ տրվել են ձերբակալման օրդեր։
Ավելի վաղ աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակը (AFAD) հայտնել էր, որ երկրաշարժերից տուժել է 80278 մարդ։
Փետրվարի 6-ին Քահրամանմարաս նահանգում 7,7 և 7,6 բալ ուժգնությամբ երկրաշարժերը զգացել են 13 միլիոն մարդ 10 նահանգներում, այդ թվում՝ Ադանայում, Ադիյամանում, Դիարբեքիրում, Գազիանթեփում, Հաթայում, Քիլիսում, Մալաթիայում, Օսմանիյեում և Շանլըուրֆայում։