Հանրային պաշտպանի նոր գրասենյակներ, թե՞ իրավաբանական ընկերություններ. ցույց կտա ապագան

Հանրային պաշտպանի գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն՝ ներկայումս ՀՀ-ում կա 56 հանրային պաշտպան:

Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ Մարզերի հանրային պաշտպանները 2013թ. 1-ին կիսամյակում վարել են 911 գործ: Ավարտել են 643 գործ 755 անձի նկատմամբ: Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի հանրային պաշտպանները վարել են 945 գործ: Ավարտել են 531-ը 557 անձի նկատմամբ:

Դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է ավելացնել հանրային պաշտպանների թվաքանակը: Ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության համակարգը բարեփոխելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հանրային պաշտպանի գրասենյակների համար համապատասխան տարածքներ հատկացնելու և դրանց վերանորոգման խնդիրները՝ գրասենյակների բնականոն գործունեությունը ապահովելու համար:

Միաժամանակ ռազմավարական ծրագիրը առաջարկում է նաև ուսումնասիրել անվճար իրավաբանական օգնության մատուցման այլընտրանքային ձևերին վերաբերող միջազգային փորձը:

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը կարծում է, որ պետության կողմից անվճար իրավաբանական օգնության համար տրամադրվող գումարները պետք է տրամադրվեն ոչ թե Հանրային պաշտպանի գրասենյակին, այլ, մրցութային կարգով՝ իրավաբանական (փաստաբանական) ընկերություններին` համապատասխան չափորոշիչների համապատասխան:

Նրա կարծիքով՝ ծրագրի որոշ դրույթների միջև կա անհամապատասխանություն. «Մի կողմից ասվում է, որ կմշակվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային մեխանիզմ, իսկ մյուս կողմից նշվում է, որ կուսումնասիրվեն հանրային պաշտպանի գրասենյակի ֆիզիկական մատչելիության ապահովման խնդիրները, որպեսզի Երևանում և մարզերում ավելացնեն հանրային պաշտպանի գրասենյակներ, որոնց համար պետք է հատկացվեն համապատասխան շինություններ և նոր հաստիքներ բացվեն»:

Այսինքն՝ նշված դրույթի իրականացման համար, ըստ Կարեն Զադոյանի, պետությունը բյուջեից պետք է ավելի շատ գումար հատկացնի Հանրային պաշտպանի գրասենյակին, ինչն էլ մեծացնում է պետության ֆինանսական բեռը: Մինչդեռ իրավաբանական ընկերությունների կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրումը շատ ավելի մատչելի է և տնտեսապես ձեռնտու:

Այդ պարագայում պետությունը ստիպված չի լինի լրացուցիչ գումար հատկացնել հանրային պաշտպանի գրասենյակների համար համապատասխան տարածքներ ձեռք բերելուն, ինչպես նաև գրասենյակների կահավորմանը, սարքավորումների և դրանց ապահովման ծրագրի ձեռք բերմանը, կոմունալ և հիմնական կոմունիկացիոն ծախսերի կատարմանը, քանի որ իրավաբանական ընկերությունները այդ լրացուցիչ ծախսերը կատարելու անհրաժեշտություն չունեն: Նման մոտեցումը նաև կօգնի իրավաբանական ընկերությունների զարգացմանը: Պետության կողմից անվճար իրավաբանական օգնության համար տրամադրվող գումարները հնարավորություն կտան ընկերություններին զարգացնել իրենց անվճար իրավաբանական օգնության համակարգերի կազմակերպական կարողությունները` դրանք դարձնելով առավել որակյալ, կայուն և մատչելի, ինչպես նաև կատարելագործվելու՝ իրավաբանական շուկան առավել հագեցված և մրցունակ դարձնելու:

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահը հավաստիացնում է, որ այլընտրանքային նման մոտեցմամբ միջավայրը կդառնա առավել մրցունակ. «Միասին կմրցեն իրավաբանական ընկերությունները և, բնականաբար, կընտրվեն ամենաորակյալները, կայուն ու մատչելի գին առաջարկողները: Անվճար իրավաբանական օգնության համար հայտարարված մրցույթը կհաղթեն այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն Փաստաբանների պալատի և պետության կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար սահմանված չափորոշիչներին: Հաղթող ընկերությունների հետ կկնքվի որոշակի ժամկետով պայմանագիր: Եթե այդ սահմանված ժամկետից հետո ընկերությունը արդյունավետ չիրականացնի իր կողմից ստանձնված պարտավորությունները, բնականաբար հաջորդ անգամ մրցույթը հաղթելու հնարավորություն չի ունենա»:

Վերոնշյալ խնդրին անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության իրավական վարչության բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այլընտրանքային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ դեռևս հստակ քայլեր չկան արված. «Այլընտրանքային տարբերակների մշակման հարցում մեզ օգնում են նաև միջազգային փորձագետները: Իհարկե, փաստաբանական մեծ կազմակերպությունները՝ որպես այլընտրանքային տարբերակ, ևս կարող են ընդգրկվել և տրամադրել անվճար իրավաբանական օգնություն, բայց դեռևս կոնկրետ ոչինչ չկա: Այս պահին մենք փորձում ենք պահպանել հանրային պաշտպանների քանակը և միջոցներ ենք ձեռնարկում այդ քանակն ավելացնելու համար»:

Ըստ դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի՝ 2014 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման շրջանակն ընդլայնել՝ այն տրամադրելով նաև դատապարտյալներին, անվճարունակ և հոգեբուժական հաստատություններում գտնվող անձանց:

«Քանի որ նախատեսում ենք անվճար իրավաբանական օգնության տրամադրման ոլորտը ընդլայնել, հետևաբար պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք հանրային պաշտպանների թիվն ավելացնելու համար»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը, ապա հավելեց. «Միաժամանակ փորձում ենք հանրային պաշտպանի գրասենյակների բարելավման աշխատանքներ իրականացնել նաև մարզերում, որպեսզի ամբողջը Երևանում կենտրոնացված չլինի»:

Զրույցի վերջում Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այս ոլորտում ամենամեծ խնդիրը հանրային պաշտպանների քանակն է, որակի հետ կապված որևէ խնդիր չկա: Միաժամանակ չբացառեց նաև այն հանգամանքը, որ աշխատանքային ծանրաբեռնվածության հետևանքով կարող է տուժել նրանց կողմից մատուցված ծառայությունների որակը:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի բարեփոխումների հարցերով փորձագետ, փաստաբան Սոնա Հարությունյանը նշեց, որ այսօր շատերն ունեն իրավաբանական խորհրդատվության կարիք, սակայն սոցիալական պայմաններից ելնելով՝ հնարավորություն չունեն օգտվել փաստաբանի մասնագիտական օգնությունից. «Այս խնդրի լուծման համար պետությունը մի քանի տարի առաջ ներդրեց Հանրային պաշտպանի ինստիտուտը, սակայն այն որքանով է արդարացնում մեր սպասելիքները, դժվար է ասել»:

Մասնագետի խոսքերով՝ ուսումնասիրելով միջազգային փորձը, տեսնում ենք, որ դրսում մեծ տեղ է հատկացվում իրավաբանական ընկերություններին և կազմակերպություններին, որոնք զբաղվում են անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմամբ. «Ես կարծում եմ, որ մենք ևս այդ ճանապարհով պետք է գնանք և հանրային պաշտպանի ինստիտուտն առանձնացնենք ՀՀ փաստաբանների պալատից: Ավելին, պետք է հնարավորություն տանք իրավաբանական ընկերություններին և կազմակերպություններին ազատ մրցակցության պայմաններում մասնակցել անվճար իրավաբանական օգնություն մատուցող կազմակերպությունների մրցույթում և հաղթողը կամ հաղթողները իրենք ստանձնեն պետությունում անվճար իրավաբանական օգնության մատուցման այդ պատասխանատու գործը»:

Սոնա Հարությունյանը համակարծիք է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանի հետ, վստահ է, որ  իրավաբանական ընկերության կողմից ազատ մրցակցության պայմաններում մատուցված անվճար իրավաբանական ծառայության որակը ոչ միայն ավելի բարձր կլինի, այլև քաղաքացիների համար կլինի այլընտրանք, իսկ իրավաբանական ընկերությունների տեսանկյունից` այն վերջիններիս զարգացման հիանալի հնարավորություն կընձեռնի:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդ իրավաբաներ ասոցիացիան ներկայումս մշակում է օրենսդրական փոփոխության այս առաջարկը: Ապագայում բարեփոխման առաջարկը կներկայացվի իրավասու մարմիններին և հանրությանը:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել