Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի թեմային շարունակում են անդրադառնալ միջազգային տարբեր պարբերականներ ու հեռուստաընկերություններ։
Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականն օրերս հրապարակել է «Թուրքիան հապճեպ գերեզմանոցներ է պատրաստում» վերնագրով մի հոդված, որտեղ նշվում է, թե քաղաքի ծայրամասերում երկրաշարժի հետևանքով մահացածներին զանգվածաբար հուղարկավորելու պատճառով Քահրամանմարաշի (Մարաշ) գերեզմանատները գնալով մեծանում են։
Պարբերականը գրում է, որ մարդիկ առանց մասնագետների ու սարքերի օգնության ավերակների տակից դուրս են բերում իրենց հարազատներին, որոշ շրջաններում օգնությունն օրերով չի հասնում։ Իսկ ընդդիմադիրներն ու երկրաշարժից ողջ մնացածները դժգոհում են, որ իշխանությունները շատ դանդաղ են աշխատում աղետի գոտում։
Հոդվածում նշվում է, որ տուժած ընտանիքներին հատկացվել է 10․000-ական լիրա օգնություն, որը կազմում է մոտ 530 դոլար։
Ըստ «Washington Post»-ի՝ 20 տարի իշխանության մնալուց հետո սա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կարևոր քննություն է լինելու մոտեցող ընտրությունների և երկրաշարժի պատճառած ավերածությունները վերականգնելու համատեքստում։