Փախցրել են 19-ամյա Նունեին. Դեպքի մանրամասները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Զաքար Ավագյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Զաքար Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ազատավան գյուղի բնակչուհի 1994թ. ծնված Նունեին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով հորեղբոր որդու` Լևոն Ավագյանի հետ, կազմակերպել և խմբի կազմում իրականացրել է Նունեի առևանգումը:

Գործով մեղադրյալ Զաքար Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ըստ որի`

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել