Ոստիկանություն են տեղափոխվել 31 մարմնավաճառներ

Օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքի Բագրատունյաց, Արտաշիսյան, Արշակունյաց  փողոցների տարբեր հատվածներից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին  բերեցին շուրջ 3 տասնյակ կանանց:
 
Գիշերային շրջագայության ընթացքում ոստիկանները Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկից (նախկին Ծերեթելի խաչմերուկ) բաժին հրավիրեցին ինչպես մարմնավաճառների, այնպես էլ մի քանի տաքսու վարորդների, որոնք մարմնավաճառների համար հաճախորդ էին գտնում:
 
Միաժամանակ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Շենգավիթի վարչական տարածքում բացահայտվեց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 2 դեպք: Արշակունյաց և Չեխովի փողոցներում գործող հյուրանոցային համալիրների աշխատակիցները տևական ժամանակ իրենց հյուրանոցային համարները պարբերաբար տրամադրել էին կանանց` նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:
 
Ոստիկանության Շենգավիթի բաժին բերված 31 մարմնավաճառի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ: Նրանք ուղարկվել են ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր` ստուգման:
 
Ոստիկանությունն իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:
 
Լուսանկարը՝ police.am-ի
 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել