Հսկող դատախազի որոշմամբ՝ դատավորի, դատավորի օգնականի և փաստաբանի վերաբերյալ գործը հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով եղբոր ընկերոջ և իր մտերիմ, Փաստաբանների պալատի փաստաբանի պաշտպանյալ, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում քննվող քրեական վարույթով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել հիշյալ անձի օգտին, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով վերջինին ազատել կալանքից:

Իր հանցավոր նպատակին հասնելու դիտավորությամբ՝ դատավորը նախնական համաձայնության է եկել պաշտոնատար անձ հանդիսացող իր օգնականի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի՝ ինքնությունը դեռևս չպարզված պաշտոնատար անձի հետ, իր մտերիմ փաստաբանի օժանդակությամբ, դուրս է եկել իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օգնականի օժանդակությամբ կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինելով գրավով:

Վերոնշյալ հանցանքները կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում հարուցել դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), Քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելը), դատավորի օգնականի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), Քրեական օրենսգրքի 46-482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելը), փաստաբանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):

Դատավորին, դատավորի օգնականին և փաստաբանին ներկայացվել է մեղադրանք. դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ քրեական վարույթից վերոնշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում:

2023 թվականի հունվարի 3-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ միասին հանձնվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել