Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում 2022թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու մի շարք հանգամանքներ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գագիկ Սարգսյանը, իմանալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի դիպլոմ: Այնուհետև այն փաստաթղթաշրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավարին և վերջինիս 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակվել ու մինչ օրս հանդիսանում է Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար:

Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Գ.Ս.-ն չի ուսանել բարձրագույն մասնա-գիտական կրթության «Մոսկվայի Կ.Ա.Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա» Դաշնային պետական կրթական հաստատությունում և նրա անձնական գործերում եղած՝ համապատասխան սերիայի դիպլոմ կոնկրետ գրանցման համարով նշված բուհի կողմից չի տրվել:

Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություն է ներկայացվել Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Դրա հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։

Որոշում է կայացվել Գ.Ս.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը, որն ուղարկվել է հսկող դատախազին՝ համաձայնություն ստանալու համար:

Գ.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել