Ստամբուլի 1-ին ատյանի քրեական դատարանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP-ԺՀԿ) կուսակցության անդամ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով այսօր՝ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած 8-րդ դատական նիստի ժամանակ վճիռ է հրապարակել: Այսպիսով 2023թ-ի նախագահական ընտրություններում նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը համարվող Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի», փոխանցում է Ermenihaber-ը։
Նշյալ արգելքը կարգավորվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածով, որը սահմանում է որոշակի կամ անորոշ ժամանակով անձին զրկել բոլոր տեսակի քաղաքական ընտրովի ու նշանակովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ այդ թվում օրենսդիր, գործադիր ու տեղական ինքնակառավարման մարմիններում:
Տեղական դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման: Եթե բարձր դատարաններում դատավճիռը չբեկանվի, ապա կսկսվի Իմամօղլուի քաղաքական արգելքի որոշման ի կատար ածման գործընթացը, և վերջինս կհեռացվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից: Նա, սակայն, կկարողանա օգտվել պայմանական ազատազրկման իրավունքից և խուսափել պատժաչափը մեկուսարանում անցկացնելուց:
Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է 2019 թվականի Ստամբուլի քաղաքային ընտրություններից հետո։ Նա իշխանական թեկնածուի նկատմամբ փոքր առավելությամբ հաղթանակ էր տարել մարտի 31-ին տեղի ունեցած առաջին ընտրություններում, որոնք սակայն չեղարկվեցին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նշանակվեցին կրկնակի ընտրություններ: Դրանցում Իմամօղլուն ավելի մեծ առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին:
Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում օգտագործած տխմար բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները տխմար են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացի ընթացքում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Սուլեյման Սոյլուին, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն դատարանն այսօրվա պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը:
Ավելացնենք, որ Իմամօղլուի նկատմամբ կայացված դատավճիռը մեծ արձագանք է գտել Թուրքիայում և դրա սահմաններից դուրս՝ արդեն իսկ հայտնվելով միջազգային մամուլի առաջին էջերում:
Այդ դատավճիռը քաղաքական են համարել մի շարք թուրք քաղաքաական գործիչներ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել տարբեր հայտարարություններով:
Ստամբուլում բազմահազար քաղաքացիներ էլ փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու Իմամօղլուին: