Ռուսաստանը գիտակցում է միջուկային զենքի կիրառման վտանգները, դեկտեմբերի 7-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամների հետ հանդիպմանը, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Մենք չենք խելագարվել, մենք տեղյակ ենք, թե ինչ է միջուկային զենքը»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով, Ռուսաստանը «չի պատրաստվում ածելիի պես ճոճել միջուկային զենքը», այլ ելնում է նրանից, որ այն գոյություն ունի «որպես զսպող միջոց»։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային զենքն ավելի առաջադեմ և ժամանակակից վիճակում է, քան ցանկացած այլ երկիր։
«Մենք ունենք այդ միջոցները, և դրանք ավելի առաջադեմ և ժամանակակից վիճակում են, քան որևէ այլ միջուկային երկրինը: Սա ակնհայտ է»,- ասել է պետության ղեկավարը։
Մինչ այս երկրի ղեկավարը հայտնել էր, որ Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես պաշտպանության միջոց և պատասխան հարված հասցնելու հնարավորություն։
Ավելի վաղ Պուտինը շնորհակալություն էր հայտնել Մարդու իրավունքների խորհրդին «քաղաքացիական հստակ դիրքորոշման համար»։
Նա նաև «անհեթեթություն և կեղծիք» է անվանել այն պնդումները, թե մարտական դիրքերը լքած զինվորականների համար ճամբարներ կան։ Պուտինը հանդիպման ժամանակ նշել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության գոտում խնդիրներ եղել են և կարող են լինել, սակայն «դասալքությունը դրանց թվում չէ»։