Ուկրաինան է Ադրբեջանին մատակարարել սպիտակ ֆոսֆորով զինամթերք․ Ռոբերտ Մենենդես

Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ մարտերի ժամանակ, ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի), փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը «լայնորեն լուսաբանվել է»։

Սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է ավիացիոն ռումբերի, ավիացիոն կասետային զինամթերքի, հրետանային արկերի, ականների, ինչպես նաև խառնուրդների համար:

Հրկիզվող զենքերը սովորական զենքեր են, սակայն ՄԱԿ-ի 1980 թվականի Անմարդկային զենքերի մասին կոնվենցիայի 3-րդ Արձանագրությունն արգելում է դրանք օգտագործել քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական տարածքներում ռազմական օբյեկտների վրա հարձակումների ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում դասակարգել ֆոսֆորային ռումբերը որպես քիմիական զենք։

Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը պնդում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին հաղորդումներ չի տեսել։

Մյուս հարցին, թե վարչակազմը քայլեր ձեռնարկո՞ւմ է ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողների դաժան սպանության և խոշտանգումների տեսագրությունը գնահատելու համար, Ռիկերը խուսափողական պատասխանել է, նշելով, որ պետք է «ստուգի»։

«Դուք ուրիշ կողմ եք նայում. ինչ շահեր էլ մենք ունենանք Ադրբեջանի հետ: Ես հիասթափված եմ Պետդեպից, որ երկու կողմերին էլ զսպվածության կոչ է արել։ Երբ կա ագրեսոր, մենք պետք է քննադատենք ագրեսորին։ Եվ պետք չէ շատ խելացի լինել հասկանալու համար, թե կոնկրետ ով է ագրեսորը, ով հնարավորություն ունի լինել ագրեսոր այս հակամարտությունում… Դա Ադրբեջանն է», – հայտարարել է Մենենդեսը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել