Պուտինը հայտարարել է կամավորների հաշվին 318 հազար մարդու մոբիլիզացիայի մասին։ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությանը մասնակցելու համար մոբիլիզացված ռուսների թիվը հասել է 318.000-ի` շնորհիվ կամավորների նվիրվածության, այս մասին Մոսկվայում՝ Մինին և Պոժարսկու հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Մենք արդեն ունենք 318 հազար (մոբիլիզացված-խմբ.), ինչու 318 հազար, որովհետև կամավորները գալիս են, կամավորների թիվը չի նվազում»,- ասաց նա։
ՌԴ նախագահի խոսքով՝ ռուսական զորքերում արդեն մարտական առաջադրանքներ է կատարում 49 հազար մարդ, մնացած բոլորը զբաղված են ուսուցմամբ։
«Սա շատ մեծ թիվ է, մնացել են ընտանիքներ, մայրեր, հայրեր, երեխաներ, կանայք: Իհարկե, պետությունն ամեն ինչ անում է նրանց աջակցելու համար»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է հազար կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայի ազատագրված տարածքները վերահսկելու համար։
Նախատեսվում էր ընդհանուր առմամբ 300.000 պահեստազորայինների հավաքագրել Ռուսաստանի Զինված ուժեր, ինչը կազմում է երկրի ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի մեկ տոկոսը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր ռեզերվից քաղաքացիների կանչի դադարեցման մասին, քանի որ անհրաժեշտ քանակն արդեն լրացվել էր։