Ստեղծվելու է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան․ այն կազմված կլինի 12 դատավորներից

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նոր նախագիծ։ Ըստ նախագիծը մշակողի՝ այն բխում է վերաքննիչ դատարանում հակակոռուպցիոն գործերի առավել մասնագիտացված և արդյունավետ քննության ապահովման անհրաժեշտությունից:

Նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից:

«Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է վերաքննիչ  հակակոռուպցիոն դատարանը, որն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը: Դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Այսինքն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջև»,-նշվում է հիմնավորման մեջ:

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը ավելացնել հակակոռուպցիոն բաժնով՝ նախատեսելով, որ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:

  • Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար բարեվարքության գնահատման գործընթացի արդյունավետ իրականացումը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել