Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։
Վարկը տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար է։