Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Ռիշի Սունակը վարչապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 25-ին՝ Չարլզ III թագավորի մոտ ընդունելությունից հետո։ Այս մասին ասվում է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պաշտոնաթող վարչապետ Լիզ Թրասն առավոտյան կհանդիպի կաբինետի անդամների հետ, որից հետո իր նստավայրում հանդես կգա հրաժեշտի ելույթով։
Մոտավորապես տեղական ժամանակով 10:15-ին (Երևանի ժամանակով 13:15-ին) նա կժամանի Բուքինգհեմյան պալատ, որտեղ Չարլզ III-ը կընդունի նրա հրաժարականը։
Այնուհետև միապետը հանդիպում կանցկացնի Սունակի հետ, որի ժամանակ կառաջարկի նրան ձևավորել Նորին Մեծության կառավարությունը։ Մոտ 11:35-ին (Երևանի ժամանակով 14:35-ին) կառավարության նոր ղեկավարը ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի ժողովրդի առջև։