Ճանապարհային ոստիկանության տեսուչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ներքին անվտանգության վարչությունում 2013 թ. օգոստոսի 3-ին տեղեկանք է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.15-ին, հիշյալ կենտրոն է ահազանգել Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ Գ. Ա.-ն և հայտնել, որ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 513 ՈՍ 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկանության տեսուչ Սարգսյանը Հրազդան քաղաքում իր վարած ավտոմեքենան կանգնեցրել է կարմիր լույսի առկայությամբ երթևեկելու համար, սակայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել ՃԵԿ-ի մեկ այլ խախատման համար: Բացի այդ, հիշյալ տեսուչն իր հետ կոպիտ է խոսել ու հարվածել է թևին: Գ. Ա.-ն նշել է, որ ինքը լրագրող է և նկարահանել է միջադեպը: Իսկ Ներքին անվտանգության վարչությունում պնդելով ահազանգով նշած հանգամանքները՝ Գ. Ա.-ն հավելել է, որ ՃՈ տեսուչը ներկայացրել է ոչ լրիվ լրացված արձանագրության ձևաթուղթ, որի տակ ստորագրելուց ինքը հրաժարվել է:

Կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արսեն Սարգսյանը 2013 թ. օգոստոսի 3-ին, ժամը 10-ի սահմաններում, ծառայություն իրականացնելով Հրազդան քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կարմիր լույսի առակայությամբ երթևեկելու համար կանգնեցրել է քաղաքացի Գ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան՝ չունենալով տվյալ հանգամանքը հիմնավորող տեսագրություն, քաղաքացուն հստակ չի բացատրել խախտման բնույթն ու էությունը, տվել է հակասական պարզաբանումներ, դրսևորել է ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ, կոպիտ և արհամարհական տոնով է խոսել քաղաքացու հետ, նրանից պահանջել է ստորագրել չլրացված արձանագրության տակ, ապա, նախապես վկայակոչած խախտման վերաբերյալ չկարողանալով որևէ հիմնավոր փաստ ներկայացնել, արձանագրություն է կազմել ճանապարհն ազատելու վերաբերյալ իր իսկ պահանջից հետո՝ վարորդի կողմից ավտոմեքենան մայթին կայանելու համար:

Ծառայողական քննության ընթացքում ուսումնասիրվել են ՃՈ տեսուչ Ա. Սարգսյանի կողմից նշված և նախորդ օրերին կազմված վարչական արձանագրությունների օրինական լինելու հանագամանքները:

Պարզվել է, որ Ա. Սարգսյանը ճշգրիտ չի կատարել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները, այն է՝ վարորդ Ն.Պ.-ի կողմից՝ սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության փոխարեն վերջինիս նկատմամբ արձանագրություն է կազմել մեքենայում գտնվող ուղևորի կողմից ամրագոտին չամրակապելու համար:

Ճանապարհային ոստիկանության տեսուչ Ա. Սարգսյանը խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետի և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Ծառայողական քննության արդյունքում՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՃՈ տեսուչ Արսեն Սարգսյանին հայտարարվել է պաշտոնին անհամապատասխանության մասին, և նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու վերցվել կադրերի ռեզերվ:

Ծառայողական քննության եզրակացությունն ուղարկվել է Ճանապարհային ոստիկանության պետին՝ քննարկելու և հետագայում նման խախտումները բացառելու համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել