Ճանապարհային ոստիկանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու պատճառը գույքային վաղեմի վեճն է եղել. դատազություն

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Հ. Հովհաննիսյանի կողմից ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Հովհաննիսյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Մասնավորապես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռ.Վարդանյանի հորը վաճառելու կապակցությամբ գույքային վեճ է ունեցել Վարդանյանների հետ: Դրանով պայմանավորված՝ տևական ժամանակ նա հետապնդել է Ռ.Վարդանյանին՝ նրա դեմ բազմաթիվ բողոքներ հասցեագրելով պետական տարբեր ատյաններ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 10-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի մոտ, ականատես լինելով, որ Ռոբերտ Վարդանյանի վարած «1103» կողային տարբերանիշով ՃՈ ավտոմեքենան կանգնեցրել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի պահանջները խախտած քաղաքացու ավտոմեքենան, տեսախցիկով նկարահանելով մոտեցել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Վանիկ Ղազարյանին և իրավախախտում կատարած ավտոմեքենայի վարորդին ու պարզաբանումներ կատարելով` ճշտել, որ վերջինս տրանսպորտային միջոցն իսկապես վարել է անվտանգության ամրագոտին չամրակցված վիճակում։

Այնուհետև ՃՈ ավտոմեքենայից հեռանալու ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, Հրանտ Հովհաննիսյանն իրեն հայհոյելու ակնհայտ սուտ պատրվակով պարզաբանում է պահանջել ՃՈ ավտոմեքենայի ղեկի մոտ նստած Ռոբերտ Վարդանյանից, ով սադրանքից խուսափելու նպատակով խնդրել է չխանգարել ծառայությանը, անգամ` փակել է ավտոմեքենայի պատուհանը, սակայն Հրանտ Հովհաննիսյանն անգամ նման պայմաններում հայտարարել է, թե վերջինս հարվածել է իրեն, որպիսի գործողությունները իբր տեսաձայնագրել է։

Դրանից հետո, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, Հրանտ Հովհաննիսյանն հանցագործություն չկատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է ծանր հանցագործության` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ իր վարած ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իրեն հայհոյելու և դեմքին հարվածելու մեջ, որպիսի կադրեր նրա իսկ ներկայացրած տեսագրությունը չի պարունակում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել