Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով ԵԽ պատգամավորների նամակին:
«Ես լիովին կիսում եմ իրավիճակի լրջության վերաբերյալ ձեր մտահոգությունները։ Օգոստոսի սկզբին և սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած զինված բախումները ցույց են տալիս, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ չափազանց փխրուն։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Բորելը:
Նա ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ինքն էլ կապ է հաստատել երկու երկրների արտգործնախարարների հետ, հանձնարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին անհապաղ խորհրդակցություններ անցկացնել Երևանում և Բաքվում:
«ԵՄ-ն երկու կողմերին հորդորել է խստորեն պահպանել հրադադարը և կոչ է արել ադրբեջանական ուժերին անհապաղ վերադառնալ իրենց դիրքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների վերջին վարչական սահմաններին համապատասխան: ԵՄ-ն երկու կողմերին նաև խրախուսում է առաջընթաց գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, որը կարևոր է հետագա բախումների ռիսկը նվազեցնելու առումով»,-նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: