Ի՞նչ խախտումներ է թույլ տվել Ադրբեջանը հայ ռազմագերու նկատմամբ. պարզաբանում է իրավաբանը

Ադրբեջանը խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիան: Այս մասին Իրավաբան.net-ին թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, իրավաբան Սերինե Խաչատրյանը` անդրադառնալով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի պահպանության տարածքն անցած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ ադրբեջանական ANS հեռուստաալիքի պատրաստած հարցազրույցին:

«Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ նրանք ռազմագերուց խլել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի համազգեստը, այն պարագայում, երբ Ժնևի կոնվենցիան այլ բան է ասում, մասնավորապես՝ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ անձնական օգտագործման բոլոր իրերը և առարկաները, բացառությամբ զենքի, ձիերի, ռազմական հանդերձանքի և զինվորական փաստաթղթերի, կմնան ռազմագերիների տնօրինության տակ, ինչպես որ մետաղյա սաղավարտները, հակագազերը և նման այլ առարկաները, որ նրանց տրված են անձնական պաշտպանության համար: Նրանց մոտ կմնան նաև այն իրերն ու առարկաները, որոնք ծառայում են նրանց համազգեստի և սնման համար, անգամ այն դեպքում, եթե այդ իրերն ու առարկաները պատկանում են պաշտոնական զինվորական հանդերձանքին»,- ասաց Սերինե Խաչատրյանը:

Իրավաբանի խոսքով` բացի այդ, Կոնվենցիայի խախտում է նաև այն, որ հարցազրույցի ժամանակ Հակոբ Ինջիղուլյանն օպտիկական ակնոցով չէ՝ այն պարագայում, երբ հայկական լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ զինծառայողը տեսողական խնդիրներ ունի և մշտապես կրում է ակնոց:

«Հաշվի առնելով Հայաստանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ նախնական տեղեկությունների տեղանքում չկողմնորոշվելու պատճառով է ԼՂՀ ՊԲ N զորամասի զինծառայողը հայտնվել հակառակորդի պահպանության տակ, ապա Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում են կամովին գերի հանձնվելու հատկանիշները: Եթե գերի վերցվելուց առաջ և հետո զինծառայողը չի կատարել հանցավոր գործողություններ, ինչպես նաև եթե չի խախտել Զինված ուժերի կարգապահական կանոնագրքի դրույթները, ապա նա Հայաստանում չի ենթարկվի պատասխանատվության»,-նշեց իրավաբանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել