Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնն ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների վերաբերյալ օրենսդրության և պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրել է որոշ դիտարկումներ: Այդ առաջարկները և դիտարկումներն ուղարկվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քննարկելու և պատճառաբանված պատասխան ներկայացնելու համար:
Առաջարկները և դիտարկումները ներկայացնում ենք ստորև:
Ինչպես գիտենք, Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. թիվ 563-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը:
Օրենսդրության համաձայն՝ համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը կարող են ընդունել նորմատիվ կամ անհատական որոշումներ:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներին, կարգավորող հանձնաժողովների որոշումներին, Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաններին, Հայաստանի Հանրապետության մարզպետների ու Երևանի քաղաքապետի որոշումներին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:
Երևան քաղաքի ավագանու վերը նշված որոշման (այսուհետ՝ Որոշում) ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ այն, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն հակասում է ՀՀ օրենսդրությանը:
Ստորև ներկայացնում ենք մեր դիտարկման արդյունքները:
Այսպես.
1. Որոշման 4-րդ կետի համաձայն՝ վճարողները ավտոկայանատեղի տուրքը պետք է վճարեն անկանխիկ եղանակով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին՝ հետևյալ եղանակներով.
1) բանկային և (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով,
2) էլեկտրոնային եղանակով,
3) «sms» վճարմամբ:
Ինչպես տեսնում ենք, վճարում կատարելու եղանակներից է նաև վճարումը էլեկտրոնային եղանակով և «sms» հաղորդագրության միջոցով ուղարկելը:
Ակնհայտ է, որ նման եղանակներով վճարում կատարելու դեպքում քաղաքացուն որևէ անդորրագիր չի կարող տրվել, մինչդեռ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև` պահանջելու դեպքում տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն:
Քաղաքացուն համապատասխան վճարումը հավաստող անդորրագիր չվճարելու պայմաններում ոչ միայն խախտվում է օրենքի պահանջը, այլև չի ապահովվում ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Բացի այդ, որոշմամբ սահմանված չէ, թե քաղաքացին ինչ ժամկետում պետք է կատարի համապատասխան վճարումը, ինչը ևս կարող է կամայականությունների դրսևորման պատճառ հանդիսանալ:
2. Հաջորդ դիտարկումը վերաբերում է Որոշման 8-րդ կետին, որի համաձայն՝ ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է անմիջականորեն և/կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն):
Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հսկողության իրականացումը Որոշմամբ վերապահվել է Երևանի քաղաքապետարանին, սակայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեսախցիկներով խախտումներ արձանագրելու և դրանցով տուգանքներ նշանակելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունը:
3. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Նշենք, որ ցանկացած տեսակի վճարի ձևավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնարժեքի հաշվարկը, ուստի վերոնշյալ օրենքում անհրաժեշտ է ամրագրել ավտոկայանատեղի տուրքի ձևավորման նշված սկզբունքը, քանի որ պարզ չէ, թե ինչ սկզբունքով և ինչ հիմնավորմամբ են սահմանվել տուրքի դրույքաչափերը:
Որպես ինքնարժեքի հաշվարկման արդյունք՝ անհրաժեշտ է վերանայել նաև վերոնշյալ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի առավելագույն դրույքաչափերը:
4. «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքերի 2013թ. դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու 2012թ. թիվ 557-Ն որոշման համաձայն՝ մեկ ժամվա համար ավտոկայանատեղում տուրքը հաշվարկվում և վճարվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար:
Խնդիրն այն է, որ անձը 5 րոպեում չի կարող կատարել որևէ գործողություն, բացի ավտոմեքենան կայանելուց, իսկ անվճար կայանելու հնարավորություն սահմանելու իմաստը կայանում է նրանում, որ անձը կարողանա կատարել կարճ ժամանակ պահանջող գործողություն և դրա համար չվճարել մեկ ժամվա համար նախատեսված գումարը: Արդյունքում ստացվում է, որ 5 րոպե անվճար կայանելու հնարավորություն սահմանելը ձևական բնույթ է կրում և չի ծառայում իր նպատակին:
Ուստի անհրաժեշտ է սահմանել 20 րոպե անվճար կայանելու հնարավորություն:
5. Բացի այդ, եթե անձը կայանել է ոչ թե մեկ ժամ, այլ օրինակ 40 րոպե, նա չպետք է վճարի մեկ ժամվա համար նախատեսված տուրքը, այլ վճարման չափը պետք է համապատասխանաբար նվազեցվի:
Նույն նվազեցումը պետք է կատարվի նաև մեկ ամսվա և մեկ տարվա համար նախատեսված տուրքերի դեպքում, եթե անձը կայանում է ոչ լրիվ ամիս կամ տարի:
6. Ավտոկայանատեղի կազմակերպիչը տիրապետում է ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի վերաբերյալ անհատական տվյալների և իր ձեռքի տակ ունենում է նկարահանող սարքերի ձայնագրություններ, արդյո՞ք ձեռնարկված են անհրաժեշտ միջոցներ՝ օրենսդրության համաձայն անհատական տվյալների պահպանությունը պատշաճ իրականացնելու և խախտումները կանխարգելելու ուղղությամբ:
7. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
Այս դեպքում ի՞նչ հիմնավորմամբ է ավտոկայանատեղիների համար պետական տուրքի վճարումից ստացված հասույթի 70 տոկոսը փոխանցվում «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությանը, իսկ միայն 30 տոկոսը՝ Երևան քաղաքի բյուջե:
8. Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը՝ խնդրում ենք տրամադրել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության միջև կնքված պայմանագրի և տեսախցիկներ տեղադրելու համար ընկերությանը տրամադրված թույլտվությունների պատճենները:
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն
Իրավաբան.net