ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և վնասում ենթակառուցվածքները. պետդեպ

Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

«Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում… Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշեց Փրայսը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերում այն փաստին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ միջամտելու հակամարտությանը՝ պետդեպի խոսնակը հայտարարեց. «Մենք կոչ ենք արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ օգտագործել իրենց ազդեցությունը և կառուցողական քայլեր ձեռնարկել՝ հասնելու ռազմական գործողությունների դադարեցմանն ու ապաէսկալացմանը։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես հակամարտության մեկ կողմից օտար ուժերի ներգրավումը կարող է ծառայել այդ նպատակին, բայց կրկին պետք է նշեմ, որ մեր շեշտը բռնություններին վերջ դնելու վրա է»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել