Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) մտադիր է դատական հայց ներկայացնել Երևանում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության դեմ:
Ինչպես ասվում է ԻԱԿ-ի ֆեյսբուքյան էջում` կենտրոնը հարցում է կատարել «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությանը` տեղեկատվություն ստանալու համար:
Ի պատասխան հարցման` ընկերությունից հայտնել են. «Ի պատասխան Ձեր 26.07.2013թ. թիվ 204-ի 4 հարցմանը հայտնում ենք, որ ««Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային նշանակության կազմակերպություն չէ, քանի որ Ընկերությունը հանրությանը ծառայություններ չի մատուցում և ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի, հետևաբար, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընկերության վրա չի տարածվում, և Ընկերությունը պարտավորություն չունի տրամադրելու Ձեզ տեղեկատվություն»:
«Parking City Service-ը համարում է, որ ինքը հանրությանը ծառայություններ չի մատուցում և ուրեմն տեղեկություն տրամադրելու պարտականություն չունի։ Փաստորեն ծառայություն չի մատուցում, բայց մենք վճարում ենք։ Այս գործով էլ ենք գնում դատարան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:
Իրավաբան.net