Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նպատակով ներդրված նոր համակարգին, ընդգծել է, որ մրցույթում շահող ընկերության հետ համատեղ պետք է շարունակել իրազեկման աշխատանքները և սահմանված պահանջների համաձայն կանոնակարգել դաշտը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«2011 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց համապատասխան օրենքը, 2012-ին Կառավարության կողմից հաստատվեց կարգը, և արդեն այս տարի քաղաքապետարանը, օրենքին համապատասխան, հայտարարեց մրցույթ, որում շահող կազմակերպությունը հուլիսի 1-ից սկսել է իր աշխատանքները: Ի դեպ մրցույթով կազմակերպություն ներգրավելն ու պայմանագրի հիմնական պայմանները հաստատվել է Երևանի ավագանու կողմից: Հաշվի առնելով, որ կարգը նոր է և շատ քաղաքացիներ, հնարավոր է, դեռ տեղեկացված չեն, մենք առաջարկություն ներկայացրեցինք մասնավոր ընկերությանը, որպեսզի վարչական տուգանքները կիրառվեն սեպտեմբերի 1-ից:
Շահող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում կայանատեղիների սպասարկման և քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Սակայն եթե, ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, ինչը միայն մրցույթում շահած կազմակերպության դեպքում է համարվում օրինական, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները, և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Իրավաբան.net