ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարելու պարագայում երկու տարվա փոխարեն մի քանի ամիս դարձնել պարտադիր զինծառայությունը։
Օրենքի ընդուման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված սահմանվում են անցումային դրույթներ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով ներդրվեց Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով: Համակարգը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում (ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման համաձայն՝ 35.000-45.000 դրամ չափով), ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում (ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման համաձայն՝ 5 մլն դրամ չափով): Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաև 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում:
Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից:
Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ: Ընդ որում, գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվող կարգի փոխարեն գործընթացը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ: Միաժամանակ, նախկին ծրագրով զինվորական ծառայություն անցնող և անցած զինծառայողների (նախկին զինծառայողների) համար, ծրագրի դադարեցմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել օրենքով և ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման համաձայն հաշվարկվող պատվովճարի գումարի տնօրինման իրավունքը սահմանել այդ անձանց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների:
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն: Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռնվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է: Գործընթացը փոխկապակցված է նաև մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու դրա հիման վրա լրավճարների սահմանման համակարգի ներդրման հետ:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 16.12.2017թ. N 1675-Ն և 12.04.2018թ. N 456-Ն որոշումները, փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման մեջ: