ԱԻՆ փրկարար ծառայությունն իրականացնում է որոնողական, փրկարարական աշխատանքներ, ըստ էության կան որոշակի տեղեկություններ, որ վերևի հարկերում էլ եղել են հրավառ նյութեր, որտեղ դրանք պահեստավորված են եղել։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։
«Մնացած հարցերի պատասխանը կտա նախաքաննությունը»,-ասաց նա։
Արմեն Գասպարյանը նաև նշեց, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու է հրդեհի, պայթյունըի հետևանքով առաջացած ծուխն այդ գույնն ունեցել։ «Դրա պատասխանը կարող են տալ մասնագետները»,-նշեց ՓԾ տնօրենը։
———————
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։
Փլատակներից դուրս է բերվել 16 դի, որոնցից մեկի ինքնությունը դեռ չի ճանաչվել։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։