«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով անհետ կորածներից՝ Սիրարփի Խաչատրյանի և Մարիամ Խաչատրյանի հարազատներից մեկը՝ Արայիկ Մկրտումյանը։ Նա նշեց, որ երեխաների հորեղբայրն է․ փլատակների տակ մնացածները հարազատ քույրերն են, որոնցից մեկը հղի է, նրանց հետ է եղել նաև 5 տարեկան երեխան։
«Հենց հիմա ախպորս երեխեքը, հղի կինը տակն են։ Մենք ձեռքով քար ենք կրում, խնդրում ենք կռան, խնդրում ենք տեխնիկա, եղավ ժամը 11-ը։ Շեշտում եմ՝ որ խանութում է եղել, ձեռքով քարերը հանում ենք, պանել պիտի հանենք»,-ԱԻ փոխնարար Դավիթ Համբարյանի հետ զրույցում ասաց նա։
Արայիկ Մկրտումյանը նշեց, որ նրանք գնումներ կատարելու համար են այդտեղ եղել։
Քույրերի եղբայրը՝ Վանիկ Կարապետյանը նշեց, որ գիշերը դեպքի վայրում շատ քիչ մարդ է եղել։ «Իմ հորեղբոր աղջիկներն են։ Մարիամը ձայն է տվել, ասել է ես եմ։ Դա եղել է մոտ 5 ժամ առաջ։ Այստեղ այսքան մարդ չի եղել։ Ձայնը լսել են, ուզում եմ շուտ աշխատեն, իրենց գտնեն։ Գիշերն անցել է, ցերեկով մեզ ասում են՝ հեռու գնացեք։ Մի հատ տրակտոր էր աշխատում։ Երբ օգնություն լսվել է տարածքում շատ քիչ մարդ է եղել։ Ու՞մ դիմեինք, մեր կողքը կանգնած լսում էին ձայնը։ Ինչ անում են՝ ժողովուրդն են անում։ Փոխնախարար եկել է, բոլորն եկել են, բայց դա չի նշանակում, որ գիշերը մարդ է եղել։ Պաշտոնյաներից ոչ մեկն էլ գիշերն էստեղ չի եղել»,-ասաց նա։
Վանիկ Կարապետյանը նաև հայտնեց, որ տարածքում խանութ ունեցող մի տղամարդ իրենց հայտնել է, որ իր խանութի աշխատակցի հետ կարողացել է խոսել, ով նշել է, թե «ինքը պադվալային հարկում է, իր հետ էլ հղի կին կա, մի աղջիկ ու երեխա»։
Փոխնախարար Դավիթ Համբարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեխնիկայի, մարդկային ուժի պակաս չկա, չի եղել, կամավորների ներգրավման կարիք նույնպես չկա։
———————
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
- Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
- Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
- Մարատ Շահբազյան
- Սիրարփի Խաչատրյան
- Մարիամ Խաչատրյան
- Հարութ Գարաքյան
- Գագիկ Կարապետյան
- Արտավազդ Հայրապետյան
- Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
- Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
- Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
- Վանիկ Ամիրխանյան
- Անահիտ Խալաթյան
- Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
- Արամ Հարությունյան
- Դավիթ Մխիթարյան
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։
Բժշկական կենտրոններ տեղափոխված անձանց թիվն այս պահին 61 է:
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել։