Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը արտահերթ դատական նիստ հրավիրելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ եւ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Պարոն Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել»,-նշել է փաստաբանը։
Նա նաև հավելել է, որ հրատապ դատական նիստ է նշանակվել այսօր, ժամը՝ 16:30-ին։ Դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։
—————————
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Աղվան Հովսեփյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ՝ ԿՏ անգիոգրաֆիա հետազոտության համար։ «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել։
«Այնուհետև պարզվել է, որ դրա պատճառն է հանդիսացել պ-ն Հովսեփյանի մոտ այդ պահին կազմած արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչը՝ 29մմոլ/լ:
Աղվան Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընթանում է ծանր ձևով, որը նաև ըստ մասնագետների կարծիքի՝ կյանքի ու առողջության համար վտանգ է հանդիսանում։ Ըստ բժիշկների՝ հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի:
Դատավոր Մարտիրոսյանն օրեր առաջ նույնիսկ չքննարկեց պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացման և նրա մոտ նոր հիվանդությունների հայտնաբերման հիմքով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուստի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Մարտիրոսյանը»,-նշել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը։ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։