Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։
Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը աբսուրդային է և այն չի ընդունում։
Նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը բացման խոսքով հանդես եկավ։
«Միջնորդություն ենք ներկայացրել՝ հարցաքննելու 2000 ուսանողի։ Ինչու՞։ Շատ պարզ։ Մենք խելագար չենք, մենք հասկանում ենք, որ 2000 ուսանողների հարցաքննելը կապրիզ չէ։ Մենք ելել ենք Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից, որտեղ գրված է, որ այս մարդն առավոտյան արթնացել է ու որոշել 2000 հոգու նյութապես շահագրգռել։
Ուզում եմ հասկանալ՝ այս դահլիճում, բարձրագույն կրթություն ստացած անձանցից որևէ մեկի մտքով կարո՞ղ է անցնի, որ առավոտյան զարթնի ու ասի՝ ես այսօր ունեմ նպատակ, որոշել եմ 2000 հոգու նյութապես շահագրգռել։ Դրե՞լ են մեղադրանքի հիմքում՝ դրել են։ Իրականացրե՞լ ենք 2000 հոգու հարցաքննությունները, ոչ, իհարկե, որովհետև իրենք էլ իրենց առաջադրած մեղադրանքին չեն հավատացել։ Ի՞նչ են արել․ ծանուցագրել են պատրաստել, ուղարկել համալսարանի ուսխորհրդի անդամների, նրանցից մեկը կամ երկուսը եկել, ներկայացել են, մնացածը չեն էլ եկել։ Ինչ է անում քննիչը՝ բնականաբար հետևողականություն չի ցուցաբերում, որ այդ վկաներին կանչի, ի վերջո հարցաքննի, հասկանա՝ Ավետիք Չալաբյանը երբևէ իրեն կամ միջնորդավորված կերպով նյութական շահագրգռություն առաջարկել է, թե չէ»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։
Պաշտպանը նաև հռետորական հարց հնչեցրեց, որ եթե այդ հարցն ուղղեին ուսանողներին, արդյո՞ք նրանք հասկանալու էին, թե ինչ է նյութական շահագրգռումն առհասարակ։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդհատեց նրա խոսքը՝ նշելով, որ պաշտպանական կողմը բացման խոսքում պետք է ներկայացնի մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում, այլ ոչ՝ նախաքննության մարմինների վերաբերյալ։
«Համամի՞տ են մեղադրանքի հետ, թե՝ ոչ, ընդունու՞մ են մեղադրանքը, թե՝ ոչ։ Մնացած հանգամանքների վերաբերյալ, երբ եզրափակիչ ելույթներ կամ այլ հնարավորություն կընձռնվի՝ կհայտարարեք»,-ասաց դատավորը՝ հայտնելով, որ պաշտպանը շեղվում է բացման խոսքին վերաբերելի պահանջներից։
Վարազդատ Հարությունյանն իր պաշտպանյալին առաջադրած մեղադրանքի վերաբերյալ նշեց․
«Այն, ինչ-որ մեղսագրվում է Ավետիք Չալաբյանին՝
1․ մեղսագրվում է հակասահմանադրական նորմի հիման վրա,
2․ չկագործի գեթ մեկ ապացույց, որը վկայում է Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքը Չալաբյանի կողմից կատարված լինելու մասին,
3․ Ավետիք Ճալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, Ավետիք Չալաբյանն էլ այս պահին հանդիսանում է քաղաքական բանտարկյան, իսկ քաղաքական բանտարկյալ է հանդիսանում, որովհետև իրեն բանտարկել են, այդ թվում նաև դուք, միայն այն բանի համար, որ նա, օրինակ, իշխանական քաղաքական հասարակական գորիչ չէ, պետպաշտոնյա չէ, այլ՝ ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ է»։
———————————
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։
Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։