Արցախի իշխանությունները Բերձորի եւ Աղավնոյի բնակչությանը փոխանցել են, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանդեն իրենց գերեզմաններն ու հարազատների շիրիմները տեղափոխեն նոր բնակավայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ստեղծված օպերատիվ շտաբը զբաղվելու է տնավեր եղած բերձորցիներին ու Աղավնոյի բնակիչներին տեղավորելու խնդրով։
Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ մարդիկ այրեն իրենց տները։
Սեպտեմբերի 1-ին Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը հանձնվելու է թուրքին։
Կոռնիձորով Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհով թուրքերը մեկ-երկու ամիս անձնագիր ստուգելով թույլ կտան անցնել, հետո մի թեթեւ սադրանք կանեն ու դա էլ կփակեն՝ Արցախը վերջնականապես կտրելով Հայաստանից։
Իսկ դրանից հետո, կամ առաջ Արցախի տոտալ հայաթափումը ժամերի հարց է լինելու։
Որովհետեւ դրա այլընտրանքը լինելու է էթնիկ զտումն ու նոր ցեղասպանությունը»,-նշել է նա։