Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Գործող իշխանությունները չհամակերպվելով, որ Ավետիք Չալաբյանը, ի հեճուկս իրենց ճնշումների, այսօր ազատության մեջ է՝ ցանկանում են հնարավոր բոլոր միջոցներով նորից ազատազրկել նրան։ Նշենք, որ ավելի վաղ Չալաբյանի վատթարացած առողջական վիճակով պայմանավորված երկու նախնական դատալսումներ հետաձգվել էին, սակայն օրվա իշխանությունները, ցանակնալով կրկին կալանավորել Չալաբյանին, շարունակում են համառորեն մեկ օրվա տարբերությամբ նոր դատալսումներ նշանակել, որպեսզի իրենց մտադրությունները կյանքի կոչեն։
Իշխանությունները թե´ Ավետիք Չալաբյանի, թե´ այլ քաղաքական բանտարկյալների գործերով բազմիցս ցույց են տվել, որ ընդունելով օրինականության հետ որևէ աղերս չունեցող որոշումներ, և կալանքն օգտագործելով որպես քաղաքական հաշվեհարդարի միջոց, այսպիսով իրենց քաղաքական հակառակորդներին պահում են անազատության մեջ և կալանավորելով ոչ թե անձին մեկուսացնելու, այլ նրա առողջությունը քայքայելու և ֆիզիկական վախճանը մոտեցնելու խնդիր են կատարում, դրա հրեշավոր օրինակներից էր ընդդիմադիր ակտիվիստ, մտավորական և սիրված
ռեժիսոր Արմեն Գրիգորյանի ողբերգական վախճանը։ Տեղեկացնենք, որ գործող օրենսդրությամբ կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին։ Նման պայմաններում, երբ Ավետիք Չալաբյանը կալանավայրից դուրս գալուց հետո վերականգնում է իր խարխլված առողջությունը, խոսել այնպիսի նոր էական հանգամանքների ի հայտ գալու մասին, որոնք կարող են կրկին կալանավորման հիմք հանդիսանալ, առնվազն՝ անմտություն է, իսկ հակառակի մասին ուղղակի վկայում է Չալաբյանի աղոջական վիճակը, որը կալանավորման ողջ ընթացքում և դրանից հետո շարունակ վատթարացել է, այս հանգամանքը ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է, որ նա չպետք է կրկին կալանավորվի։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է դիմակայելու նրա նկատմամբ պատրաստվող նոր ապօրինություններին։ Սակայն հաշվի առնելով քրեական գործն ի սկզբանե օրինականության դաշտում չընթանալու հանգամանքը, ծայրահեղ կարևոր է նաև մեր երկրի գիտակից հանրության ներկայությամբ միասնական հակազդեցությունը գործող իշխանություններին՝ թույլ չտալու նրանց օրենքի առավել բիրտ ու գռեհիկ խախտումներ, ի դեմս Ավետիք Չալաբյանի, պաշտպանելու յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտության և օրինական պաշտպանության իրավունքը։
Հիշեցնենք, որ ս․ թ․ հուլիսի 27-ին լրացավ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման ժամկետը: Դատարանը հնարավորություն չունեցավ երկարաձգել անազատության մեջ պահելու ժամկետը, ուստի օրենքի ուժով նա ազատ արձակվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 01-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Կենտրոն (Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծ 23/1) դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենալ նախնական դատալսումների դռնբաց նիստ։
Այսպիսով պայքարը շարունակվում է։ Ուստի խնդրում ենք ձեր ուշադրությունն ու հրավիրում լուսաբանման: Հասցե` Տիգրան Մեծ 23/1»։