ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Պետդեպարտամենտին ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Համապատասխան փաստաթուղթը չորեքշաբթի հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի կայքում։
Համապատասխան որոշման պատճառ են անվանում Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Մասնավորապես, Ռուսաստանի կառավարությունը մեղադրվում էր Չեչնիայում երկրորդ ռազմական արշավի ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ ուժ կիրառելու և 2014 թվականից Դոնբասում «անջատողականներին» աջակցելու համար։ ԱՄՆ Կոնգրեսի տվյալներով՝ բանաձևը ներկայացվել է մայիսի 9-ին։ Դրա հեղինակը Լինդսի Գրեհեմն է (հանրապետական, Հարավային Կարոլինայից):
Ավելի վաղ Կիևը դիմել էր Վաշինգտոնին՝ Ռուսաստանին ցուցակում ներառելու խնդրանքով։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ այդ նախաձեռնություններն անվանել էր «ապուշ բնույթի միջոց»։ Դիվանագետը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի նման քայլերն անպատասխան չեն մնա Ռուսաստանի կողմից։
Ահաբեկչությունը հովանավորողների ցանկում կարող են ներառվել պետություններ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «բազմիցս աջակցել են միջազգային ահաբեկչական գործողություններին»։ Ամերիկյան վարչակազմը լայն լիազորություններ ունի ցուցակում հայտնված անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առումով։
1979 թվականից ի վեր ԱՄՆ վարչակազմն իր ցուցակում ավելացրել է միայն փոքր թվով երկրներ։ Դրանում ներկայումս ընդգրկված են Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան և Սիրիան։