«Պուտինը գազով պատանդ է պահում աշխարհը». Մեծ Բրիտանիայի արտգործնախարար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գազ է օգտագործում աշխարհը պատանդ պահելու համար, հայտնում է The Guardian-ը։

«Դա հենց այն է, ինչ նա փորձում է անել, և հրամայական է, որ մենք ամուր մնանք նրա սարսափելի ագրեսիայի առաջ», – ասել է Թրասը բրիտանական հեռուստատեսությանը:

Նրա կարծիքով, եթե աշխարհը թույլ տա Պուտինին հաջողության հասնել, «դա անասելի տառապանքների կբերի ողջ Եվրոպայում»։

Նշվում է, որ ԵՄ-ում գազի ճգնաժամը, որն առաջացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և Մոսկվայի շանտաժի հետևանքով, շարունակվում է մեկ շաբաթից ավելի։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Եվրոպա գազի մատակարարումները, ասել էր, որ «Հյուսիսային հոսք 2»-ը լիովին պատրաստ է բավարարելու Եվրոպայի կարիքները, սակայն այն չի գործում ԵՄ քաղաքական դիրքորոշման պատճառով։

Նա նաև դժգոհել է, որ Մոսկվան դեռևս պատշաճ բացատրություն չի ստացել Կանադայում Siemens-ի կողմից սպասարկվող «Հյուսիսային հոսք 1» գազատարի տուրբինի կարգավիճակի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել