Աշխատանքները սկսվել են, հացահատիկով առաջին նավը շուտով կլքի ուկրաինական նավահանգիստը․ Հուլուսի Աքար

Պարենային գործարքի շուրջ աշխատանքները սկսվել են, հացահատիկով առաջին նավը շուտով կլքի ուկրաինական նավահանգիստը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն աշխատում են նավը ծով դուրս բերելու ուղղությամբ։

«Մենք աշխատում ենք հացահատիկի անվտանգ փոխադրման պլանի մշակման վրա: Նավերը կստուգվեն ուկրաինական նավահանգիստներում, ստուգմանը ներկա կլինեն Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները»,- հավելել է Աքարը։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը հացահատիկով նավերը կառաջնորդի անվտանգ երթուղիներով։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագրեր են ստորագրվել արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել