Երեկ կարդում եմ՝ Թուրքիայի հայկական կազմակերպությունները դրական են գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5165» շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը:
«Կներեք, իսկ Թուրքիայից քանի հայ է մասնակցել պատերազմին, որ մեր զավակների արյան գնով ուզում է իր տեղն ամրացնի Թուրքիայում և դեռ իրենց էլ իրավունք են վերապահում կարծիք հայտնելու: Խնդրում եմ, ով գիտե, պատասխանի: Կարծում եմ՝ Հրանդ Դինքից հետո այդ երկրում հայանպաստ որևէ կազմակերպություն չկա, իսկ ես կպատմեմ երեկ մեր ամառային դպրոցում տեղի ունեցած մի դրվագի մասին:
Երեխաների հետ զրուցում էինք տիեզերքի և երկնաքարերի մասին, հանկարծ 7 տարեկան թոռնիկս՝ Սարդուրս, խնդրեց իրեն էլ խոսք տալ, հետո շատ լուրջ դեմքով ասաց.
– Գիտե՞ք, գիտնականները պարզել են, որ մի շաաատ մեծ երկնաքար է մոտենում երկրին և ընկնելու է հենց Թուրքիայի և Ադրբեջանի վրա:
Մի աղջնակ, որի ծնողները վերջին 5 տարին ապրել են Թուրքիայում և նոր են վերադարձել Հայաստան, տեղից բղավեց՝ ոչ, թուրքիային բան չասեք, թուրքիան շատ լավն է:
Սարդուրս վեր թռավ տեղից և պարզապես նետվեց աղջկա վրա, բղավելով.
– Իսկ դու գիտե՞ս՝ քո այդ Թուրքիան ինչքան հողեր է գողացել մեզանից, քո Թուրքիայի կեսը մերն է:
Ես ապշած նայում էի Սարդուրիս: նա չասաց, որ թուքն իր հայրիկին է իրենից գողացել, նա խոսեց իրենից գողացած հողերի մասին, հողերի՝ իր Հայրենիքի մասին, ես լսում էի նրանց վեճն ու մտքումս հնչում էին Իսահակյանի խոսքերը՝
– Հայաստանում երկու սերունդ է մեծանում, կողք-կողքի, մի օր նրանք իրար են հոշոտելու:
Այդ օրը եկել է, Վարպետ»,-նշել է նա: