Վրաստանի ԱԳՆ-ի պարզաբանումը՝ Ուկրաինային աջակցող հայտարարությանը չմիանալու վերաբերյալ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու Վրաստանը չի միացել Արդարադատության միջազգային դատարանում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի աջակցության հայտարարությանը։

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Ըստ ԱԳՆ–ի` Վրաստանը, ինչպես միշտ, շարունակում է աջակցել Ուկրաինային միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ նշված հարցի առնչությամբ, և այս համատեքստում՝ 2022 թվականի մարտին Վրաստանը` 39 այլ պետությունների հետ միասին, դիմել է Հաագայի միջազգային քրեական դատարան (ICC)` հետաքննություն սկսելու միջնորդությամբ։

ԱԳՆ–ն ձեռնպահ է մնացել ի պաշտպանություն ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցի ստորագրումից, քանի որ դա ենթադրում է ներգրավվածություն իրավական գործընթացին որպես պոտենցիալ երրորդ կողմ, և կարող է ազդեցություն ունենալ իրականացվող գործընթացների վրա։

«Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանն ինքը Ռուսաստանի դեմ հայցեր է ներկայացրել տարբեր միջազգային ատյաններում, նման պարտավորությունների նախօրոք ստանձնումը կարող է ազդել Վրաստանից իրականացվող գործընթացների վրա, ինչին Վրաստանն ուղղել է իր առավելագույն ջանքերը»,- ասված է ԱԳՆ-ի գրավոր մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի քան 40 երկիր և Եվրամիությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինայի հայցի՝ ընդդեմ Ռուսաստանի։

Հայտարարությունը ստորագրողների թվում չէ Վրաստանը, որը նախկինում մոտ 40 երկրների հետ դիմել էր Հաագայի միջազգային քրեական դատարան (ICC)՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի իրականացրած ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։

Ի դեպ, Վրաստանը միջպետական ​​վեճեր ունի Ռուսաստանի հետ Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում և Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ), իսկ օգոստոսյան պատերազմի գործը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում երկարաձգելու տասնամյա ժամկետը լրացել է, և Թբիլիսին չի փորձել վերսկսել վեճը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել