Աշխարհը պետք է վերադառնա COVID-19-ի դեմ պայքարի փորձված ուղիներին՝ կորոնավիրուսի նոր շտամների դեպքերի աճի պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը չորեքշաբթի բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մարդիկ պետք է նորից դիմակ կրեն, իսկ իշխանությունները պետք է վերադառնան COVID-19-ի համար զանգվածային թեստավորման պրակտիկային։
Հեբրեյեսուսը ընդգծել է, որ կորոնավիրուսով վարակվածների շրջանում հոսպիտալացումների և մահերի աճը մտահոգիչ նշան է և կոչ է արել կառավարություններին «կիրառել փորձված և լավ ապացուցված միջոցներ, ներառյալ դիմակներ կրելը։
«Համաճարակը նույնիսկ մոտ չէ ավարտին», – ասել է նա։
ԱՀԿ ղեկավարն ասել է, որ իշխանությունները պետք է պարբերաբար գնահատեն իրենց երկրներում և տարածաշրջաններում առկա վարակի դեմ պայքարի միջոցները։
«Կա զգալի անջրպետ գիտական հանրության, քաղաքական առաջնորդների և լայն հանրության միջև COVID-19-ի հետ կապված ռիսկերի ընկալման հարցում։ Ուստի կրկնակի դժվար է մարդկանց միաժամանակ տեղեկացնել ռիսկի մասին և վստահություն ձևավորել հանրային առողջության նկատմամբ», – ասել է Հեբրեյեսուսը:
ԱՀԿ-ն զգուշացնում է, որ համաճարակը չի ավարտվել, բայց դրա բնույթը փոխվում է։ Կազմակերպության տվյալներով՝ COVID-19-ով հիվանդացությունն աճում է առնվազն 110 երկրներում։ Դա պայմանավորված է «օմիկրոն» շտամի BA.4 և BA.5 ենթատեսակների տարածմամբ: ԱՀԿ փորձագետները կարծում են, որ ամռանը Եվրոպայում վիրուսի տարածման մակարդակը զգալիորեն կբարձրանա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ շատ երկրներ վերացրել են գրեթե բոլոր սահմանափակող միջոցառումները։ Համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է նաև Ասիայում, Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում։