Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում մեծ կորուստների մասին։ Կիրակի օրը հրապարակված The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նախարարը նշել է․
«Մենք պետք է թարմացնենք մեր ստորաբաժանումները, փոխարինենք դրանք, ինչպես նաև վերադասավորումներ կատարենք, քանի որ շատ կորուստներ ունենք։ Մենք ակնկալում ենք ավելի շատ զրահատեխնիկա և սպառազինություն մեր գործընկերներից: Մենք պետք է վերակազմավորվենք որոշ տարածքներում, արդիականացնենք ամրությունները և պլանավորենք նոր օպերատիվ ռազմավարություն»։
Ավելի վաղ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերում և երկրի այլ ուժային կառույցներում ռազմական գործողություններին մասնակցող և վերապատրաստում անցած ուկրաինացիների թիվը կազմում է մոտ 1 միլիոն մարդ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մինչ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկը, Ուկրաինայի զինված ուժերի հզորությունը հասնում էր մոտ 200 հազար մարդու։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքի։
Ըստ ռուսական կողմի՝ գործողության նպատակներն են երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումը։