168.am լրատվամիջոցը հետևողականորեն կեղծ և մոլորեցնող տեղեկություններ է տարածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանը։
«Այսօր նշված լրատվամիջոցը կեղծ տեղեկություն է հրապարակել «Հայաստանի ՄԻՊ-ը հրաժարվել է զբաղվել Հադրութից տեղահանվածների հարցերով՝ ուղղորդելով դեպի Արցախի իշխանություններ» վերնագրով։
2022 թվականի հուլիսի 7-ին Պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց հետ, այդ թվում՝ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանի և ՀՀ քաղաքացի Աշոտ Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության վերաբերյալ ինչպես համակարգային, այնպես էլ անհատական բնույթի հարցեր։
Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է գտնվում այս խնդիրը բարձրացնող անձանց ներկայացուցիչների, այդ թվում հրապարակված նյութում վկայակոչված «ակցիայի մասնակցի» հետ։
Պաշտպանը մշտական հաղորդակցության մեջ է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հետ։
Պաշտպանի աշխատակազմում սահմանված կարգով կատարվում է ուսումնասիրություն թե համակարգային, և թե անհատական խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
Սույն լրատվամիջոցի պատասխանատուներին մաղթում ենք առողջություն»,-նշվում է հայտարարության մեջ։