«Փաշինյանի խոստացած «խաղաղությունը» հասել է Երևան քաղաքից 100 կմ հեռավորության վրա՝ Ելփին գյուղ. մեքենայի 1,5 ժամվա ճանապարհ»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։
«Սա է նրա խաղաղությունը։ Այ սա է նա ձեզ խոստացել ու սա է ձեզ բերում»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը հավելեց՝ այս ամենից բացի, ոչինչ չի արվում նաև գերիներին վերադարձնելու համար։
«Հուլիսի 18-ին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքվելու է էներգետիկ հուշագիր։ Նիկոլն իր խունտայի հետ չկարողացավ այս առիթն օգտագործել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու, առնվազն մեր գերի տղաներին վերադարձնելու համար, չնայած Եվրոպայի խորհրդարանը 4 փաստաթուղթ է հրապարակել, որտեղ հստակ Ադրբեջանի մեղքերը թվարկել է»,- շեշտեց Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նաև հռետորական հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս զարմանալ, որ Փաշինյանը գյուղեր է հանձնում, եթե անգամ դրանց գոյության մասին չգիտի։
«Նա եթերում, իր ասուլիսի ժամանակ իմացավ, որ Սուս գյուղ գոյություն ունի»,- ասաց Հայկ Մամիջանյանը։