ՀՀ նախագահի հրամանագրով մերժվել էր ազգությամբ հայ, Նիդերլանդների Թագավորության քաղաքացու ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը՝ պետության հանդեպ չկատարված պարտավորության հիմքով: Այս մասին հայտնել էր փաստաբան Աշխեն Դաշյանը։
«Դատական գործով (ՎԴ/11221/05/21) վիճարկելով ՀՀ նախագահի հրամանագիրը մեր կողմից իրավական խնդիր էր բարձրացվել, թե արդյոք որպես պետության հանդեպ չկատարված պարտավորություն արական սեռի ՀՀ քաղաքացիների համար զինվորական հաշվառման կանգնելու պարտականությունը ծագում է տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող քաղաքացիների համար, թե 16 տարին լրանալուց հետո:
Պրակտիկայում պետական մարմինների կողմից շարունակաբար ոչ ճիշտ է կիրառվում «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և բոլոր դեպքերում պետության հանդեպ չկատարված պարտավորությունը՝ զինվորական հաշվառման չկանգնելու հիմքով դիտարկվում է դեռևս 16 տարին չլրացած քաղաքացիների համար, որի արդյունքում մասայական մերժվում են ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումները, ծառայությունից խուսափելու հիմքով հետախուզումներ իրականացվում, մինչդեռ անձի մոտ այդ պարտականությունն օրենքով ծագում է 16 տարին լրանալուց հետո, որից հետո նոր միայն կարող են կիրառվել չկատարման բացասական հետևանքները:
Վարչական դատարանը բավարարելով այդ հիմքով հայցն անվավեր ճանաչեց ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ պարտավորեցնելով ՀՀ Նախագահին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին: Արդյունքում արական սեռի ՀՀ քաղաքացիները, ովքեր ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմում են ներկայացրել մինչև 16 տարեկանը, անկախ նրանից, թե տվյալ տարում լրանում է նրանց 16 տարին, թե ոչ, ՀՀ նախագահի կողմից չի կարող մերժվել պետության հանդեպ չկատարված պարտավորության հիմքով»,-նշել է նա ու կից լուսանկար է հրապարակել: