Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի, բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Նիկոլ Փաշինյան պարտավորվում էր ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Հրայր Թովմասյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի կբռնագանձվի 10․000 դրամ, որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գայանե Խաչատրյանի, փետրվարին 18-ին հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործով վճիռը։
Դատարանը պարտավորեցրել է պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո (մարտի 18) հինգ աշխատանքային օրվա ընթացքում Facebook սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն էր կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։
Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։
Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։
Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս և ձեռքի հետ կլուծենք»,-նշել էր նա։