Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ 3-րդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացման մասին երկու երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և  ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսելու մասին, փոխանցում է Anadolu-ն։

Նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ դեսպան Սերդար Քըլըչի և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 1-ին Վիեննայում կայացել է Քըլըչի և Ռուբինյանի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը պետք է հնարավորինս շուտ բացվի երկու երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Նշվել է, որ քննարկվել են նաև այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների հարաբերությունների «լիարժեք կարգավորումն ապահովելու համար», ինչը բանակցությունների վերջնական նպատակն է։

Կողմերն ընդգծել են առանց նախապայմանների կարգավորման գործընթացը շարունակելու իրենց համաձայնությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել