Վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը․ Վարդան Ոսկանյան

Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի առանձին վերցրած Բերձորի խնդիր, առանձին վերցրած Արցախի հիմնահարց կամ առանձին վերցրած, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» պարտադրանք և այլն, ցավալիորեն, չենք կարողանալու սահմանել մեր արտաքին քաղաքական ու անվտանգային օրակարգը և դրանից բխող լուծումները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Նշված բոլոր խնդիրները չունեն առանձին «տեխնիկական» լուծումներ, այլ տեղավորվում են լայն իմաստով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, որը սովորական «տեխնիկական» վեճ չէ, այլ, ըստ էության, երկու հակոտնյա ու իրարամերժ պետական և ազգային ծրագրերի միջև գոյութենական դարավոր պայքար, որտեղ կողմերը հաղթում են կամ պարտվում, պատկերավոր ասած, տարբեր ճակատամարտերում, բայց պատերազմի ելքը դեռ վճռված չէ, քանզի վերջնական ելքը լինելու է մեկի կամ մյուսի գոյության փաստացի դադարեցումը։

Ադրբեջանում սա, կարծես թե, վերջնականապես հասկացել են և գործում են հենց այս տրամաբանությամբ, մեզանում՝ դեռևս ոչ, ինչից էլ բխում են առաջին հերթին մեր քաղաքական և հասարակական վերնախավերի բոլոր պատրանքներն՝ առանձին վերցրած խնդիրների իբր լուծումների հնարավորության վերաբերյալ։

Մինչդեռ, որքան էլ դա դաժան թվա, նման լուծումներ փաստացիորեն գոյություն չունեն, քանի որ վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը Մերձավոր Արևելքի բազմաթիվ ազգերի և պետություների հզորացման ու կործանման ականատես այս հնամյա արևի տակ»,- գրել է Վարդան Ոսկանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել