Արարատի մարզի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում սովորող Լ.Հ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 23-ին, նույն դպրոցի մեկ այլ աշակերտի՝ Ա.Հ.-ի կողմից իր քրոջն անհանգստացնելու հարցի շուրջ դպրոցի միջանցքում խոսել է նրա հետ և պահանջել, որ քրոջը չանհանգստացնի, որի ընթացքում հնչեցրել է նաև սեռական բնույթի հայհոյանք: Միջադեպին ներկա է եղել նաև Ա.Հ.-ի համադասարանցի՝ Գ.Ս.-ն։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հունիսի 9-ին և մակագրվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին:
Աշակերտների միջև առաջացած հարցերը պարզաբանելու համար վերջիններս գնացել են դպրոցի հետնամասում գտնվող բակային հատված, որտեղ Ա.Հ.-ն և Գ. Ս.-ն Լ.Հ.-ից պարզաբանում են պահանջել սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու համար։ Լ․Հ.-ն գրպանից հանել է դանակը և հարվածել Ա.Հ.-ին: Հարվածի հետևանքով Ա.Հ.-ն ստացել է ստամոքսի առաջնային պատի վնասման ձևով առողջությանը ծանր վնասվածք: Լ․Հ.-ն կատարվածից չբավարարվելով՝ դանակով հարվածել է նաև Գ.Ս.-ին՝ նրան պատճառելով լյարդի վնասման ձևով ծանր մարմնական վնասվածք և անմիջապես դեպքի վայրից դիմել փախուստի։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Լ. Հ.- ին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: