Հայաստանում ռազմական պաշտպանությանն ուղղված ծախսերի կատարողականը հաստատված մակարդակի համեմատ կազմել է 108.9 տոկոս, ճշտված ծրագրի համեմատ 99.9 տոկոս: Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:
«2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամը տրամադրվել է պաշտպանությանը, այն 2021-ի հաստատվածից ավել է 7.6 տոկոսով: Ճշտված ծրագրերից պակաս է 0.2 տոկոսով: 2020 թվականի փաստացի մակարդակից ցածր է 13.3 տոկոսով՝ հասկանալի պատճառներով, քանի որ 2020-ին այն իրողությունը, որում մեր երկիրը հայտնվեց, բնականաբար ծախսային մասը պետք է կտրուկ ավելանար»,-ասաց Քոչարյանը
Նա հավելեց՝ պաշտպանության և անվտանգության հարցերի համատեքստում 44-օրյա պատերազմից հետո կա ծախսերի և բովանդակության փոփոխություն, որն անհրաժեշտ է երկրի անվտանգության կայուն ընթացքն ապահովելու համար:
2021-ին պաշտպանության բնագավառի ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4.8 տոկոսը, որը 0.1 տոկոսով պակաս է 2021-ի ծրագրված մակարդակից, համապատասխանում է 2019-ի փաստացի մակարդակին և շուրջ 0.8 տոկոսային կետով ավել է 2018 թվականի փաստացի մակարդակից:
Մանրամասները՝ տեսանյութում։