«Պաշտպանյալս այն մարդը չէ, որ ոստիկանության աշխատակցի վրա հաղորդում տա»․ փաստաբանը՝ Տիգրան Խաչատրյանի մարմնին կապտուկների առկայության մասին

Տիգրան Խաչատրյանն արգելանքի վերցվելու հենց առաջին օրվանից հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել իր վնասվածքների մասին, Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Բենիկ Գալստյանը․ «Ասաց՝ ես այն մարդը չեմ, որ այս կապակցությամբ ինչ-որ բան ասեմ»։

Նշենք, որ հունիսի 4-ին Քննչական կոմիտեի ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղեկություն է փոխանցվել, որ խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածերի պահման վայր տեղափոխված Տիգրան Խաչատրյանի մարմնի զննությամբ՝ մեջքին, որովայնին, կրծքավանդակին և բազուկներին հայտնաբերվել են կապտուկներ։

Փաստաբանի խոսքով՝ Խաչատրյանը հրաժարվել է թե՛ գրավոր, թե՛ բանավոր և թե՛ հայտարարության տեսքով հաղորդում տալուց։ Բենիկ Գալստյանը ենթադրում է, որ իր վստահորդի նկատմամբ բռնություն է իրականացվել․ «Չեմ կարող ասել՝ ծեծել են, չեն ծեծել։ Բռնությունը եղել է իրավաչափ, թե ոչ իրավաչափ։ Վստահ եմ, որ վնասվածքները ստացել է մայիսի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ նրան բերման են ենթարկել։ Տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նրան քաշում են, պատռում են վերնաշապիկը։ Պաշտպանյալս այն մարդը չէ, որ այդ կապակցությամբ ոստիկանության աշխատակցի վրա հաղորդում տա։ Ինքը այդ տիպի մարդ չի»։

Կապտուկների հայտնաբերման փաստով էլ նյութեր են նախապատրաստվում, սակայն փաստաբանը նշեց, որ այդ մասին որևէ բան ասել չի կարող։ Այս կապակցությամբ Տիգրան Խաչատրյանին կամ իրեն ոչ ոք չի դիմել։

Բացի այդ, Բենիկ Գալստյանը՝ հղում անելով ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևին, կարծում է, որ Տիգրան Խաչատրյանը քաղբանտարկյալ է։

Բանաձևում մասնավորապես նշված է, որ ազատությունից զրկված անձը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ, եթե

  • անձը ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար իրավունքներից/ազատություններից որևէ մեկի խախտմամբ, մասնավորապես խղճի, մտքի, կրոնի, արտահայտման, տեղեկատվության, հավաքների, միավորումների ազատության,
  • անձի ազատազրկումը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով՝ առանց որևէ հանցանքի հետ առնչություն ունենալու,
  • քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմանները հստակորեն անհամաչափ են այն հանցանքին, ինչի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է,
  • քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ
  • ազատազրկումը արդյունք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերևույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ:

Բանաձևում նաև հստակորեն սահմանվում է, որ ահաբեկչական գործողությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղաքական բանտարկյալներ:

«Անձը գտնվում է կալանքի տակ մի անձի տված ցուցմունքի հիման վրա, ով հանդիսանում է ոստիկանության աշխատակից։ Նա ծառայություն էր իրականացնում նշված վայրում, որպես հետաքննության մարմին։ Օբյեկտիվ, սուբյեկտիվ, մոտավոր տվյալ վերջինիս կողմից Տիգրան Խաչատրյանի կողմից որևէ ապօրինի գործողություն կատարելու մասին առկա չէ»,-նշում է Գալստյանը ու վերահաստատում՝ Տիգրան Խաչատրյանը քաղաքական բանտարկյալ է։

Փաստաբանը Խաչատրյանին հանդիպել է «օրեր առաջ, նա իրեն շատ լավ էր զգում»։

Նշենք, որ քննչական կոմիտեից մայիսի 31-ին հայտնել էին, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների կողմից Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կան ձերբակալվածներ:

Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է հունիսի 1-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել