Բագրատունյաց փողոցում 44-ամյա տղամարդու սպանության դեպքը բացահայտվել է. ՔԿ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Բագրատունյաց փողոցում 44-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ ժամը 00:30-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գումարային հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել տուժողի և Արարատ քաղաքի բնակչի միջև, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել էր 44-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տուժողը և Արարատ քաղաքի նշված բնակիչը գտնվել են ընկերական փոխհարաբերությունների մեջ և վիճաբանության առիթ է հանդիսացել 60 000 ՀՀ դրամ գումարը:

Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում Արարատի մարզի հիշյալ բնակիչ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել