Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստն անցկացնել Երևանում. Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 10-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ Ստանիսլավ Վասիլիի,

Տիկնայք և պարոնայք,

Մենք ավարտեցինք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:

Այս տարի մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծման 20-ամյակը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս։

Նեղ, ապա և ընդլայնված կազմով նիստերի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման միտումները և դրանց ազդեցությունը մեր երկրների անվտանգության վրա:

Անդրադարձ ենք կատարել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններից է: Հունվարին Կազմակերպությունը ժամանակին է արձագանքել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մինչ այժմ չլուծված է մնում 2021 թ. մայիսից ադրբեջանական զորքերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հարցը:

Մենք անդրադարձել ենք նաև երկրների ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացմանը և ՀՀ նախագահության առաջնահերթություններին:

Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը եղել  և շարունակում է հանձնառու լինել ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը, և նպատակադրված է անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում` Կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման զարգացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀԱՊԿ դերի ակտիվացմանը:

Նիստի արդյունքներով հավանության ենք արժանացրել  ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների՝     միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հայտարարությունը, ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների ծրագիրը՝ մոտակա երեք տարիների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստն անցկացնել Երևանում՝ այս տարվա չորրորդ եռամսյակում:

Կարծում եմ, կսահմանափակվեմ այսքանով և խոսքը կփոխանցեմ Կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

Խնդրեմ, Ստանիսլավ Վասիլիի:

Շնորհակալություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել