Քիչ առաջ ահազանգեցին, որ անհայտ անձինք Բագրատ Եսայանին հեռուստաընկերության տնօրենի աշխատասենյակից անհայտ ուղղությամբ են տարել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մամնուկյանը:
«Նախնական տեղեկություններով 4 անհայտ անձինք քաղաքացիական հագուստով մտել են Բագրատ Եսայանի աշխատասենյակ և առանց որևէ բացատրության նրան բերման ենթարկել: Հայտնի է դարձել, որ նրան տարել են ԱԱԾ՝ նախնական երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: Այս ընթացքում Բագրատ Եսայանը պարտաճանաչ մասնակցել է բոլոր դատական նիստերին, բացատրություններ է տվել, հանդես է եկել ասուլիսներով և այլ ելույթներով: Ամբողջ ընթացքում նա գտնվել է Երևանում, բայց քննիչները կամ ԱԱԾ-ականնները որոշել են, որ պետք է գան «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, լրատվամիջոցի աշխատանքը խաթարելով մտնեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ և նրան տանեն անհայտ ուղղությամբ»,- ասաց նա:
Վերջինիսի խոսքով՝ մինչ այս պահը Բագրատ Եսայանը որևէ ծանուցագիր կամ հարցաքննության հրավեր չի ստացել: