Հունիսի 9-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։ Անմիջապես բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբի ծառայողներ։ Քիչ անց հիվանդանոցից հաղորդեցին, որ տղամարդը մահացել է։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում իրավապահներին հաջողվեց պարզել դեպքի որոշ հանգամանքներ: Ըստ նախնական տվյալների՝ ժամը 00.30-ին Բագրատունյաց փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տղամարդու կրծքավանդակին դանակով խփել ու սպանել էր Արարատ քաղաքի 55-ամյա բնակիչը։
Սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։
Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի գործընկերների հետ, ժամը 23.30-ին Մասիս քաղաքում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 55-ամյա տղամարդուն։ Նա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: